Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան պատմական սրահում տեղի ունեցավ գերմանացի անվանի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերին ՀՀ Նախագահի պետական պարգեւով` «Բարեկամության» շքանշանով, պարգեւատրելու արարողությունը, որը վերջինիս հանձնեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերմանական հայտնի հեռուստաընկերությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի տարբեր կառույցների գործիչներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծեց Էրիկ Ֆրիդլերի մեծ ավանդն ու դերակատարությունը հայ-գերմանական դարավոր բարեկամության ամրապնդման գործում։

Ելույթով հանդես եկավ նաեւ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրեցին Բախի, Սոլլիմայի, Կոմիտասի ստեղծագործությունները՝ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ: