Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտնել է, որ իշխանության ու ընդդիմության բանակցությունները Սուխումում շարունակվում են, փոխանցում է «Sputnik Աբխազիա» գործակալությունը։
Հինգշաբթի Սուխումում նախագահի նստավայրի առջեւ անցնում էր նախագահի կողմնակիցների հանրահավաքը։ Միաժամանակ դրամատիկական թատրոնի շենքի մոտ ընդդիմադիր ուժերի դաշինքը ազգային հավաք էր անցկացնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը։
«Ես տեսնում եմ, որ դուք հոգնել եք, բայց բանակցությունները դեռ շարունակվում են։ Հանրահավաքի մասնակիցները մեր ժողովուրդն են՝ այս կամ այն կողմից։ Մենք պետք է այնպես անենք, որ բոլորը գնան տուն ու մենք կարողանանք բոլոր խնդիրները քննարկել հանգիստ ռեժիմում․․․ Ես մինչ այդ էլ ասում էի ու հիմա էլ կրկնեմ, որ ոչ մի լիազորություններ վայր դնելու մասին խոսք լինել չի կարող։ Մնացած հարցերում մենք քննարկելու բաներ ունենք»,- ասել է Խաջիմբան։
Նախագահն իր կողմնակիցներին հայտնել է, որ ստեղծված իրավիճակում այլ ելք չկա։





























