Վանաձորում դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա երիտասարդը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանաձորի հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը:

27-ամյա երիտասարդը ստացել է թոքի վնասում, որը վիրահատությամբ վերականգնվել է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով կրած հրազենից Վանաձորի Ուսանողական փողոցում գտնվող սրճարանի մոտ կրակոցներ է արձակել նույն քաղաքի բնակիչ, 27-ամյա Դ.Քոչարյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում Դ.Քոչարյանը ճանաչվել է տուժող, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք վկաներ: