Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համարձակվում է շրջանցել վարչապետի հանձնարարականը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Գեղարքունիք մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնատարի 65 տարին լրացել է 2 տարի առաջ, սակայն նա շարունակում է պաշտոնավարել մինչեւ դպրոցի տնօրենի մրցույթի օրը, որը նշանակված է դեկտեմբերի 28-ին: Մրցույթի մասնակիցներն արդեն 4-ն են, որոնցից մեկն էլ գործող տնօրենի եղբայրն է՝ Նավասարդյան Խաժակը՝ Սեւանի թ. 3 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ:
Բոլորս լավ ենք հիշում դպրոցների ղեկավարման ժառանգականության դեմ ՀՀ վարչապետի հանձնարարականը, որը, փաստորեն, այս դեպքում զանց է առնվում: Առանց մարզպետի հետ համաձայնեցնելու տնօրենի եղբայրը չէր ներկայացնի իր գործերը հանձնաժողովին: Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզպետը համարձակվում է շրջանցել վարչապետի հանձնարարակա՞նը, առյուծի սիրտ է կերե՞լ: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետը պետք է տեր կանգնի իր հանձնարարականին»:





























