Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշն այսօրվա դրությամբ 50 տոկոս է կազմում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական թատերաբեմում բոլոր տեղերն զբաղված են: «Պարտերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ձայների կեսից ավելին ՀՀԿ-ին են պատկանում: Հայաստանի 915 համայնքներից 725-ի ղեկավարները հանրապետական են: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, բայց քանի որ Ծառուկյանը քաղաքական դաշտը ընդմիշտ կամ ժամանակավորապես լքել է, ԲՀԿ-ն մասնատման վիճակում է, եւ երեք կուսակցություններ կամ միավորումներ փորձում են ԲՀԿ-ի ժառանգությունը միմյանց միջեւ բաժանել»,- նշեց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի կարծիքով՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքների վերլուծությամբ պարզվել է, որ «Հայկական վերածնունդ» եւ Դաշնակցություն կուսակցությունները իրենց ընտրազանգվածը պահպանում են: «Բարգավաճ Հայաստանը» իր դիրքերը 2 անգամ զիջել է: «Ժառանգության» ճակատագիրը հարցականի տակ է, իսկ ՀԱԿ-ը մշտապես մոտ 7 տոկոս է հավաքում»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը:





























