Օգոստոսին մեկնարկած «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցները, անցնելով վեց ամսյա վերապատրաստում, հունվարից արդեն իրենց առաջին քայլերը կանեն Հայաստանի ՏՏ ընկերություններում: Այս մասին դեկտեմբերի 20–ին լրագրողների հետ զրույցում ասել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Ծրագրի նպատակն է ապահովել զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրումը ՏՏ ոլորտում՝ ապահովելով նրանց արժանապատիվ եւ եկամտաբեր աշխատանքով, նվազեցնել այս թիրախային խմբի արտագաղթելու հավանականությունը: Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կա երեք հազար թափուր աշխատատեղ: Ծրագրի միջոցով, որը շարունակական է լինելու, փորձելու ենք զորացրված երիտասարդներին բերել ՏՏ ոլորտ: Միակ խնդիրը, որի հետ առնչվել ենք, երիտասարդների զբաղվածությունն է. ելնելով սոցիալական պայմաններից՝ նրանցից շատերն են աշխատում, իհարկե, ավելի ցածրակարգ աշխատանքներում, ինչի պատճառով նրանցից շատերը չեն կարողանում լիարժեք ինտեգրվել ուսումնառության պրոցեսին: Այդ պատճառով կարծում ենք, որ խնդրի լավագույն լուծումը ծրագրի մեկնարկն է դեռեւս ծառայության ժամանակահատվածում: Զորացրվելուց հետո նրանք արդեն կունենան անհրաժեշտ որակավորում»,- ասել է Հայկ Չոբանյանը:

Առաջին պիլոտային այս ծրագիրը մեկնարկել էր օգոստոսին` Մերգելյան ինտսիտուտի տարածքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում:  Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են վեբ ծրագրավորման լեզուներ, ինչպես նաեւ՝ մասնագիտական անգլերեն:

Համախմբելով նոր ձեռք բերած ծրագրավորման հմտությունները՝ ծրագրի մասնակիցները իրենց իսկ նախաձեռնությամբ վեբ կայք են պատրաստում ծրագրի համար:

Հունվար ամսին կմեկնարկեն հերթական դասընթացները՝ ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրին միանալու ցանկություն ունեցող նախկին զինծառայողները կարող են կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ՝ զանգահարելով 011 54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:

Նախատեսվում է «Բանակից ՏՏ» ծրագիրը տարածել Հայաստանի (ներառյալ Արցախի) ամբողջ տարածքում: Դասընթացները կիրականացվեն հանրապետության տարբեր համայնքներում գործող «Արմաթ» լաբորատորիաներում։