«Ժառանգությունը» Սեյրան Օհանյանի հետ կապված որեւէ հարց չի քննարկել: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի հայտարարությանը, թե մտնում է քաղաքականություն:

«Մեր կուսակցությունը նման հարցերի հետ կապված նիստ չի արել: Ես կարող եմ միայն իմ տեսակետը հայտնել: Շատ դրական եմ գնահատում Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն այն առումով, որ նա կարեւորում է անվտանգության խնդիրը, եւ կարծում եմ` ինքը, իմանալով, որ անվտանգությունը ոչ միայն ռազմական բաղադրիչ ունի, այլեւ բարոյա- հոգեբանական սոցիալ- տնտեսական, ժողովրդագրական, կնշի, թե իշխանության մոտ որոնք են եղել բացթողումները, ինչ թերացումներ կամ սխալներ են եղել, եւ իր զրույցների, ելույթների ժամանակ դրանք վեր կհանի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կուսակցության փոխնախագահի խոսքով` իրենք այս պահին բազմաթիվ գործիչների ու ուժերի հետ քննարկումների մեջ է, վերջնական որոշում չկայացվի, իրենք այդ մասին չեն բարձրաձայնի: Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց` իրենք հնարավոր են համարում համագործակցությունը այն բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, որոնց համար գերնպատակ է Հայաստանի ինքնիշխանությունը եւ արմատական բարեփոխումները, որոնք պետք է սկսել իշխանափոխությունից:

Նշենք, որ Վարդան Օսկանյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ քննարկումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին հնարավոր համագործակցության շուրջ։ Նա հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և այլ մարդկանց հետ հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ինքը որոշում է կայացրել` https://news.am/arm/news/363801.html ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին:

«Կարեւորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»,- իր հայտարարության մեջ նշել է նախկին նախարարը:

Խոսակցություններ կան, որ Սեյրան Օհանյանը միանալու է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետություն» կուսակցությանը: