ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը եւ «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:
Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի եւ իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Եկող տարեսկզբին իր գործունեության 135-ամյակը նշող «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանում հաջողությամբ է իրականացնում գործունեությունը ի շնորհիվ նաեւ աշխատասեր հայ ժողովրդի եւ որակյալ հայ մասնագետների:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են բնական պաշարների խնամքով եւ խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման եւ ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության:
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգեւատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի եւ արդյունավետ փոխգործակցության համար:
Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաեւ «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգեւատրվել էր ավելի վաղ:































