Ռուսաստանի ԱԳ նախարարության աշխատակիցը Մոսկվայում մահացել է, նախնական տեղեկություններով, դժբախտ դեպքի հետեւանքով, որը նրա աշխատանքի հետ կապ չունի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից:
«Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում զոհվել է ԱԳՆ Լատինաամերիկյան դեպարտամենտի գլխավոր խորհրդական Պյոտր Պետրովիչ Պոլշիկովը: Ողբերգության հանգամանքների պարզաբանմամբ այժմ զբաղված են Ռուսաստանի իրավապահ մարմինները: Նախնական տվյալներով՝ խոսքը դժբախտ դեպքի մասին է, որը կապված չէ զոհվածի ծառայողական գործունեության հետ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որն այսօր է տարածվել:
Նախարարությունը նաեւ խորապես ցավակցել է Պոլշիկովի հարազատներին եւ մտերիմներին:
Երկուշաբթի տեղեկություն էր հայտնվել, որ ԱԳՆ նախկին աշխատակցի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում գտնվող բնակարանում: Դիակի կողքին իրավապահները պնեւմատիկ ատրճանակ են հայտնաբերել եւ պարկուճներ:




























