Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցելության շրջանակներում ռազմավարական գործակցության պաշտպանական ու էներգետիկ բաղադրիչներից զատ քննարկվեցին նաեւ երկու երկրների համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս թեմայի շուրջ NEWS.am–ի թղթակիցը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։
Գրիգորյանի խոսքով՝ անվտանգության ոլորտում Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը վերաբերում է նաեւ հատուկ ծառայությունների համագործակցությանը՝ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության ու հեղափոխությունների կանխման ուղղությամբ:
«Մասնավորապես իսրայելական հատուկ ծառայությունները օգնելու են Ադրբեջանին կանխելու վերոհիշյալ վտանգները, եւ հստակ է, որ ահաբեկչական եւ կրոնական ծայրահեղականության տակ երկու կողմերն էլ հասկանում են հիմնականում շիայական ուղղությունները Ադրբեջանի Հանրապետությունում:
Իսրայելը ակտիվացնում է իր դերակատարումն Ադրբեջանում, ավելին` զբաղվելու է մուսուլմանական այդ երկրում, իսլամական շարժումների ճնշմամբ: Դա հարված է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությանը, այլ ամբողջ մուսուլմանական աշխարհին, քանզի Ադրբեջանը հնարավորություն է տալիս մուսուլմանների համար «թշնամի» համարվող Իսրայելին, լինել «ժանդարմ» Ադրբեջանում մուսուլմաններին ճնշելու գործում:
Բացի այդ, եթե համագործակցություն, ապա ենթադրելի է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն էլ իրենց հերթին պետք է ներգրավված լինեն այլ հատվածներում Իսրայելին սպառնացող նմանատիպ ահաբեկչական եւ իսլամական ծայրահեղական վտանգի կանխման գործողություններում: Իսրայելի համար նշված սպառնալիքների ցանկում են Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ այլ մուսուլմանական երկրների կողմից աջակցություն ստացող իսլամական խմբավորումներն ու հատկապես Իրանի աջակցությամբ գործող «Հիզբալլահը»:
Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանություններին չի մտահոգում մուսուլմանական աշխարհի արձագանքը, ուստի մուսուլմանական վերազգային կառույցների կողմից, մասնավորապես Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հիշյալ իրողության, եւ, ընդհանրապես, Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերությունների գնահատականը սթափեցնող կարող են լինել Ադրբեջանի համար:
Իսրայելին վերաբերող ցանկացած գործընթաց, առավել եւս, երբ խոսք է գնում հրեական պետության պաշտպանական եւ անվտանգային ոլորտներին առնչվող գործակցությանը, արձագանք է գտնում մուսուլմանական հասարակական լայն շրջանակներում: Վերոհիշյալի առումով Ւսրայել-Ադրբեջան համագործակցությունը բացառություն չեղավ եւ լայնորեն լուսաբանվեց նաեւ արաբական ԶԼՄ-ներում: Ուստի մնում է սպասել նաեւ հասարակական արձագանքին, ինչը Ադրբեջանի օգտին չի լինելու»,–ամփոփեց Սարգիս Գրիգորյանը։





























