ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել է խոշոր չափերի գումարներ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին եւ նրա մերձավորներին  արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, ով պատգամավորից ամսական 300.000 ՀՀ դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 3-ին Երեւան քաղաքի «Coffi story» սրճարանում հանդիպել են վերջիններիս ներկայացուցիչները՝ Վ.Գիշյանն ու Ս.Հարությունյանը, ինչի մասին Տ.Ուրիխանյանը նախապես տեղեկացրել էր իրավապահ մարմիններին: Հանդիպման ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Ս.Հարությունյանը Անի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վ.Գիշյանին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է Ա. Հովհաննիսյանի շորթած  300.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Ա.Հովհաննիսյանը, խոշոր չափերի` 1 մլն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 2-ից մինչեւ մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, «Analitik.am» լրատվական կայքում պարբերաբար արատավորող տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տնտեսության համար «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործունեության, իբր, վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու եւ շահույթ ստանալու վերաբերյալ: Այնուհետեւ Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պայմանագիր կնքելու, սակայն իրականում արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակելու սպառնալիքով 1 մլն ՀՀ դրամ գումար տրամադրելու քողարկված պահանջով դիմել է բանկին:

Բանկի կողմից մերժում ստանալուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Ա. Հովհաննիսյանը շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: