Մի շարք ուժեղ պայթյուններ են որոտացել Մեքսիկայի մայրաքաղաքի արվարձանում՝ հրասարքերի շուկայում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 31 մարդ ու տասնյակ մարդիկ էլ վիրավորում ստացել։ Կադրերում երեւում է, որ շուկայի վրա երկնքում պայթում են բազմաթիվ հրասարքեր ու ծուխի հսկայական ամպ է գոյացել, իսկ պայթյունների ձայնը մարտական գործողությունների գոտի է հիշեցնում, փոխանցում է Reuters–ը։

Տուլտեպեկ քաղաքի Սան Պաբլիտո հանրահայտ շուկայում վերջին տասնամյակում արդեն երրորդ անգամ է պայթյուն տեղի ունենում։ Այս պայթյունի հետեւանքով որոշ երեխաների մարմնի ավելի քան 90 տոկոսն այրվածք է ստացել, նրանց տեղափոխել են Թեքսաս նահանգի Գալվեսթոն քաղաք։

Երկրի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել կատարվածը, նշելով որ եղել է վեց պայթյուն, որոնց պատճառն ամենայն հավանականությամբ անվտանգության կանոնների խախտումն է եղել։ Միաժամանակ հայտնում են, որ անցած շաբաթ շուկայում անվտանգության ստուգումներ են եղել ու որեւէ խախտում չի հայտնաբերվել։ Պայթյունների հետեւանքով ավելի քան 70 մարդ է տուժել, շուկայի 300 կրպակների ավելի քան 80 տոկոսը ավերվել է։

 Մեքսիկական լրատվամիջոցների տեղեկություններով, պայթյունի պահին շուկայում 300 տոննա հրասարք կար։