Թունիսեցին, որին Գերմանիայի իրավապահ մարմինները կասկածում են սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ բեռնատարով մխրճվելու մեջ, փորձել է Գերմանիայում ապաստան ստանալ, բայց նրան մերժել էին, հայտնում է BBC–ն։

Կասկածյալը ապրիլին ապաստան տրամադրելու մասին դիմում էր ներկայացրել Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա դաշնային հողի իշխանություններին։ Սակայն , այդ ռեգիոնի ներքին գործերի նախարար Ռալդ Եգերը պարզաբանել է, որ դեռ հունիսին նրա դիմումը մերժել էին։

Կասկածյալին ծրագրում էին արտաքսել երկրից, բայց այդպես էլ չէին կարողացել Թունիսից ստանալ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են արտաքսման ընթացակարգի իրավաբանական ձեւակերպման համար։ Փաստաթղթերը միայն հիմա են հասել։

Եգերի խոսքով, կասկածյալը փաստացի դեռ մինչեւ դիմում ներկայացնելը, 2016-ի փետրվարին , Բեռլին էր տեղափոխվել ու հիմնականում այնտեղ էր ապրում։ Ընդ որում դեռ հունվարից նրան ընդգրկել էին այն անձանց ցուցակում, ում կասկածում են ծայրահեղական խմբավորումների հետ համագործակցության մեջ։