Եվրահանձնաժողովը մտադիր է փակել ահաբեկչության ֆինանսավորման համար առկա սողանցքները ու լավացնել ԵՄ անդամ երկրների միջեւ տվյալների փոխանակությունը՝ ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը ուժեղացնելու նպատակով։ Բրյուսելում դեկտեմբերի 21-ին ներկայացված միջոցառումների փաթեթն արդեն մի քանի ամիս է պատրաստվում էր ու Բեռլինի ահաբեկչության հետ կապակցված չէ, հայտնում է DW–ն։

Առաջարկվող միջոցառումներից մեկն էլ ԵՄ ժամանողների կամ այնտեղից մեկնողների հանդեպ կանխիկ գումարի ու ոսկու տեղափոխման հսկողության ուժեղացումն է։ Կասկածելի անձանց մանրակրկիտ ստուգելու են նույնիսկ եթե նրանք թույլատրված 10 հազարից քիչ գումարով են ժամանել ԵՄ։

Մաքսատան աշխատակիցները ավելի շատ լիազորություններ են ստանալու կանխիկ գումարների ու փոստով ուղարկվող բանկային քարտերի հսկողության համար։ Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է ընդհանուր կանոններ սահմանել՝ փողերի լվացման դեմ պայքարի ու ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների ոչնչացման համար։

Բացի դրանից առաջարկում են լավացնել տվյալների փոխանակությունը ԵՄ անդամ երկրների միջեւ։ ԵՄ անդամները կապահովվեն եվրոպական ոստիկանական գերատեսչության՝ Եվրոպոլի տվյալների բազա անսահմանափակ մուտքի հնարավորությամբ։ Իսկ տվյալների SIS բազայում կընդգրկվեն երրորդ երկրների այն անձինք, որոնց մուտքը ԵՄ արգելված է, նաեւ այն միգրանտները, որոնց արտաքսման մասին որոշում կա։

Այս փաթեթը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի ու ԵՄ անդամ երկրների կողմից։ Բարեփոխումները ծրագրում են իրականացնել 2018-2020 թթ ժամանակահատվածում։ Ըստ նախնական գնահատականների՝ այդ միջոցառումներն իրականացնելու համար ԵՄ-ն պետք է 68 մլն եվրո ծախսի։

ԵՄ տվյալներով 2015-ին քննչական մարմինները գրեթե 3 մլրդ անգամ օգտվել են տվյալների SIS բազայից։ 2013-2015 թթ դրա շնորհիվ հաջողվել է ձերբակալել 25 հազար մարդու ու հայտնաբերել 72 հազար վտանգավոր հանցագործների։ Եւս 79 հազար մարդու մուտքը Շենգենյան գոտի արգելվել է։