Գերմանիայի քրեական ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է այն թունիսեցու անունը, որը ենթադրաբար վարել է Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ մխրճված բեռնատարը, կասկածյալի անունը Անիս Ամրի է, նա 24 տարեկան է, հայտնում է BBC–ն։
Ամրիի գտնվելու վայրի մասին տեղեկությունների դիմաց ոստիկանությունը մինչեւ 100 հազար եվրո պարգեւատրում է խոստացել։ Կասկածյալի նշաններն են՝ 178 սմ հասակ, քաշը՝ մոտ 75 կգ, սեւ մազեր, շագանակագույն աչքեր։ Ոստիկանությունը պնդում է, որ Ամրին կարող է զինված ու վտանգավոր լինել։
BBC-ի Արաբական ծառայությունը պարզել է, որ Ամրին ծնվել է 1992-ին Թունիսի Տատավին քաղաքում։ Արդեն այնտեղ նա հայտնի էր որպես արմատական իսլամի հետեւորդ։ Եվրոպայում նա ապօրինի ճանապարհներով հայտնվել է 2011-ին։ Ամրին երեք անձնագիր ուներ՝ Թունիսի, Եգիպտոսի ու Լիբանանի։ Գերմանիա Ամրին ժամանել է անցած տարվա ամռանը։ Սկզբում նա բնակություն է հաստատել Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողում ու նույնիսկ փորձել է քաղաքական ապաստան ստանալ այնտեղ, իսկ փետրվարին տեղափոխվել է Բեռլին։
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի իշխանությունները հայտնել են, որ ապաստան ստանալու մասին Անիս Ամրիի միջնորդությունը մերժվել էր դեռ հունիսին։ Դրանից հետո Ամրիին պետք է արտաքսեին երկրից, բայց Թունիսը ձգձգել էր այդ գործընթացը՝ չուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Փաստաթղթերը նոր են ստացվել։





























