Ֆրանսիայի իրավապահ մարմինները «կանխարգելիչ կալանավորումներ» են իրականացրել՝ «ահաբեկչության հնարավոր վտանգից խուսափելու համար»։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, փոխանցում է RFI–ն։
Նա կալանավորումների մանրամասները չի հայտնել, ասելով միայն, որ դրանք իրականացվել են Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների ծրագրման մասին իրավապահ մարմինների ստացած տեղեկությունների հիման վրա։ «Կալանավորումները շարունակվելու են»,- հավելել է նա։
Նաեւ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն պահանջել է խստացնել հսկողությունը Ֆրանսիայի ու Գերմանիայի սահմանին եւ գնահատել սուրբծննդյան ու ամանորյա տոներին մարդաշատ վայրերում հնարավոր ահաբեկչության ռիսկերը՝ ձեռնարկելով լրացուցիչ անվտանգության միջոցառումներ։





























