Հայաստանի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը նախատեսում է այն ՀԿ-ների խստագույն հսկողություն, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից: Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը Հայաստանի բոլոր ՀԿ-ների դրական գնահատականին է արժանացել: «Արդյոք գոյություն ունեցող բոլոր խնդիրները 100 տոկոսով լուծե՞լ ենք: Չեմ կարծում: Արդյոք այդ խնդիրների գերակշիռ մեծամասնությունը լուծե՞լ ենք: Կարծում եմ՝ այո: Մենք արդեն օրենք ունենք, որն արժանացել է քաղաքացիական հասարակության դրական վերաբերմունքին»,- նշեց Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ դա չափազանց կարեւոր խթան է, քանի որ ազատականացում է կատարվել՝ ինչպես հաշվետվությունների ներկայացման ոլորտում, այնպես էլ հասարակական կազմակերպությունների աուդիտի: 
«Շեշտը դրված է այն հասարակական կազմակերպությունների խստագույն հսկողության վրա, որոնք բյուջեից են ֆինանսավորվում, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության ճնշման մեխանիզմների: Հենց այդ պատճառով է օրենքի նկատմամբ վերաբերմունքը դրական եղել»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը: