ՀՀ նանրապետության նախագահ, Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:

Խորհրդի անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար:

Հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի եւ տեղեկատվական համակարգերի, ուսանողների եւ շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ու սոցիալական քաղաքականության ոլորտները, ինչպես նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գործունեությունը:

Օրակարգի հարցերի շրջանակում ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին եկամուտների եւ ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի հաստատմանն են ներկայացվել նաեւ 2017թ. ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը, 2017թ. ԵՊՀ կառուցվածքը եւ հաստիքացուցակը եւ 2017թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը: Սահմանվել են աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի 2017թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում եւ անկախ աուդիտորական եզրակացության, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների եւ ծախսերի 2017թ. տարեկան նախահաշվի ու դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում եւ անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում:

Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաեւ խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Նիստի ավարտին Նախագահը Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդի ուսուցման եւ հայեցի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է անվանի մտավորականին պետական բարձր պարգեւի արժանանալու համար, նրան եւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն հայտնել անցնող 2016 թվականին համատեղ աշխատանքի համար:

Հանրապետության նախագահը ամփոփել է նաեւ անցնող 2016 թվականը եւ անդրադարձել 2017 թվականի կարեւորագույն անելիքներին:

Մինչ խորհրդի նիստը Հանրապետության Նախագահը ՀՀ ԿԳ նախարարի, ԵՊՀ ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնովին վերանորոգված ԵՊՀ մարզադահլիճում, հյուրատանը, քաղաքացիական պաշտպանության եւ բուժօգնության, Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնների մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին: