Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ընդունել է ՌԴ Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տարբեր ձեւաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը եւ այս առումով արժեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը:
Պետդումայի պատգամավորներն ընդգծեցին, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։
Երկուստեք շեշտվեց Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը:
Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրեց նոր գումարման Պետական դումայի եւ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երեւանում կայացած համատեղ նիստի արդյունքները:
Անդրադարձ կատարվեց ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը:





























