«Միացյալ Հայաստան» շարժման նպատակը Երկպալատ Ազգային Ժողով ստեղծելն է`Արցախի, սփյուռքի եւ Հայաստանի ներկայացուցիչներով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, արվեստաբան Արամ Ավետիսյանը:

«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անհրաժեշտություն կա, այս գաղափարը շուտվանից կա, բայց մենք փորձելու ենք գործնականում իրականություն դարձնել դա: Մեր նպատակը երկպալատ խորհրդարան ստեղծելն է` Արցախի, սփյուռքի եւ Հայաստանի հայերի միացմամբ եւ վերին պալատը համահայկական հարցերում վճռական ձայնի իրավունք պետք է ունենա»,-ասաց նա:

«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանն էլ նշեց, որ իրենց շարժումն աջակցություն է հայտնել Սեյրան Օհանյանի ստեղծած դաշինքին:

«Մեր բոլոր հնարավորություններով պետք է աջակցենք Սեյրան Օհանյանին: Հայտնել ենք մեր համակրանքը Սեյրան Օհանյանի ստեղծած ծրագրին: Պարզ է, որ եթե մենք միանանք այդ դաշինքին, կքաղաքականանանք: Մեզ համար կարեւոր չէ, թե կատուն ինչ գույն ունի, կարեւոր է, որ մուկ է բռնում: Հիմա ասում եմ` կարեւոր չէ, թե քաղաքական ուժերն ինչ ծագում ունեն, նրանց անդամներն ինչ են արել նախկինում, կարեւորը` լուրջ բարեփոխումների ծրագիր ունեն: Քառօրյա պատերազմում ունեցած կորուստների համար բոլորս ունենք պատասխանատվություն` Սեյրան Օհանյանն էլ իր չափով»,-ասաց նա:

Արցախյան ազատամարտի մասնակից, արվեստաբան Արամ Ավետիսյանն էլ նշեց, որ Սեյրան Օհանյանը թերեւս միակ պաշտպանության նախարարն է, որը մասնակցել է արցախյան պատերազմին եւ վիրավորվել. «Այդ մարդն ունի փորձ, հարգանքի ճանապարհ, որն հարգանքի արժանի է: Մենք սատարում ենք Սեյրան Օհանյանին, իհարկե, հարգում ենք նաեւ դաշինքի մյուս անդամներին: Սեյրան Օհանյանին հարվածները գալիս է եւ ընդդիմությունից, եւ իշխանությունից, այսինքն, եթե մի մարդու երկու կողմից էլ հարվածում են` ինքը ճիշտ ուղու վրա է»: