Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր` դեկտեմբերի 27-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա մեկ անգամ եւս նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ նրա քաղաքական հայացքների համար հետապնդում է իրականացվում:
«Ճառս կարող եմ սահմանափակել միայն մեկ նախադասություն ասելով` հարգելի դատարան, Դուք ամեն ինչ տեսաք: Կասկածներ կան, որ մենք գործ ունենք քաղաքական հայացքների համար անձին դատապարտելու գործի հետ, ուզում եմ ասել, որ Սաֆարյանին մեկ կողմից մեղադրում են, որ նա բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, մյուս կողմից` Գեւորգ Սաֆարյանն ինչ-որ գործունեությամբ է զբաղվում: Նա բացառությամբ զբաղվել է քաղաքական-հասարակական գործունեությամբ: Կարեւոր է այն, որ Սաֆարյանը քաղաքական գործիչ է եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ում գործողություններն ուղղված են իշխանության ներկայացուցիչների դեմ: Անգամ 2014թ. նրա նկատմամբ մահափորձ է կատարվել. անձի նկատմամբ կանգառի մոտ անհայտ անձը երկաթե ձողով գլխին է խփել, որից հետո քրեական գործ է հարուցվել, սակայն, որեւէ հանգամանք չի բացահայտվել»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ մեղադրողի հիմնավորումը, թե ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանն իր պաշտոնական պարտականություններն է կատարել, անհիմն է` նա հայհոյել է կանանց, ծեծի ենթարկել քաղաքացիներին. «Մեղադրողը գտել է, որ Գեղամ Խաչատրյանն իր պաշտոնական պարտականություններն է կատարել, Գեղամ Խաչատրյանը դատարանում նշեց, որ ամեն մի հայհոյանքին եռապատիկ հայհոյանքով է պատասխանել, այսինքն` ինքնախոստովանական վարքագիծ է դրսեւորել եւ նա հովանավորում է, դրա համար էլ դատարանում նման հայտարարություն է անում: Բացի այդ Գեղամ Խաչատրյանը 2015թ. Ամանորի գիշերն իր ֆեյսբուքյան էջում գրել է` գնում եմ Ազատության հրապարակ այնտեղ զվռնող կապիկներին քշելու: Սա է բարեփոխումների համար ֆինանսավորվող ոստիկանության աշխատակցի վարքագիծը»:
Գեւորգ Սաֆարյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեղադրողը Գեւորգ Սաֆարյանի համար պահանջել է 2,5 տարվա ազատազրկում:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց` ճառին պատրաստվելու համար: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:





























