Ինչպե՞ս աշխուժացնել ժամանակակից կինոդրամատուրգիան, ի՞նչ անել, որ այսօրվա հայկական կինոն հասարակության համար դառնա հասարակական-բարոյական արժեքներ կրող եւ օգնի հեղինակային կինեմատոգրաֆիան ժամանակի հետ երկխոսության մեջ մտնելուն: Սրանք այն հարցերն էին, որոնք բարձրացվեցին այսօր Կինոյի տանը կազմակերպված կլոր-սեղան քննարկման ժամանակ:

Կինոգործիչներից շատերը պնդում են, որ այսօր կինոդրամատուրգիայի ոլորոտում էական բացեր կան: Զգացվում է սցենարիստների պակաս:

Օրինակ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ասաց, որ ինքը երազում է ֆիլմի սցենարիստ ունենալու մասին: Իսկ Ռոբերտ Մաթոսյանն էլ նշեց, որ կինոդրամատուրգիան զարգացնելու համար  անհրաժետ է համատեղ քննարկումներ կազմակերպել Գրողների եւ Կինոգործիչների միությունների միջեւ` գրական հենք ունեցող ֆիլմերի ստեղծման շուրջ: Իսկ ռեժիսոր Հովհաննես Գալստյանն էլ ասաց, որ իր համար  ժամանակակից հայ գրականությունը կինոներում չօգտագործելը սկզբունքային չէ. «Ես մեծ հաճույքով կօգտագործեմ, հենց որ տեսնեմ` այդ գրական հենքը հնարավորություն է տալիս թռիչքի»:

Կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ այսօր հայկական ֆիլմերը շատ քիչ են ցուցադրվում հեռուստատեսութամբ, ինչը ժողովրդին կտրում է կինոյից: Նրա խոսքով, գոնե հայկական միակ մշակութային ալիքը ամեն շաբաթ հայկական ֆիլմեր պետք է ցուցադրի: