Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել կալանքի տա գտնվող Ներսես Պողոսյանի փաստաբանների հայտարարության վերաբերյալ:

«Հորդորում ենք փաստաբաններին ուշադիր կարդալ նախարարության պատասխան նամակը եւ չխեղաթյուրել ներկայացված փաստերը: Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը ստացել է Ներսես Պողոսյանի դիմումը, որում կալանավորված անձն իր բողոքն է հայտնել քննչական մարմնի եւ դատարանի գործողությունների վերաբերյալ` ակնկալելով նախարարից միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու ուղղությամբ:

Ի պատասխան Ներսես Պողոսյանի դիմումի` նախարարությունը հայտնել է, որ ներկայացված պահանջը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ «...Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան... »: Իսկ պատասխանում նշված «օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները» վերաբերել են կալանավորի կողմից բարձրացված հարցերին, այլ ոչ թե հացադուլին:

Հ.Գ. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Ազատություն ռադիոկայանի կազակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կալանավորված անձի՝ հացադուլով պայմանավորված պահանջին, նշել էր, որ կուսումնասիրի խնդիրը, եւ եթե այն վերաբերի նախարարության իրավասությանը, անպատճառ լուծում կտա դրան: Ասուլիսից անմիջապես հետո նախարարի հանձնարարականով կալանավոր Ներսես Պողոսյանին այցելել էին ՔԿՀ աշխատակիցները, որի ընթացքում նա կրկին նշել է, որ բողոքն ուղղված է քրեական գործին եւ պահման պայմանների հետ կապված որեւէ բողոք չունի»,- ասվում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Արդարադատության նախարարն իր տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ինքն այդ դեպքին (Ն. Պողոսյանի հացադուլին, առողջական վիճակին եւ պահանջին) ծանոթ չէ, բայց «կուսումասիրի եւ կպարզի» խնդիրը։

Ասուլիսից հետո նախարարը Ն. Պողոսյանին պատասխանել է, եւ պատասխանի մեջ Ներսեսի համար նշել է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ եւ հայտնել՝ «Ինչ վերաբերում է Ձեր կողմից հացադուլ հայտարարելուն, հայտնում ենք, որ Դուք ս/թ դեկտեմբերի 15-ին հայտարարել եք հացադուլ, կապված Ձեզ առաջադրված մեղադրանքին համաձայն չլինելու հետ»։

Նախարարության պատասխանից պարզվում է, որ նախարարն իրապես ծանոթ չէ դեպքին. Ն. Պողոսյանն իր դիմումի մեջ առաջադրված մեղադրանքի մասին ոչինչ չէր նշել, իսկ Արդարադատության նախարարությունից ոչ թե պատասխանել են Ներսեսի դիմում-պահանջին, այլ այդ գրությամբ ամրագրել է իր թվացյալ գործունակությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016թ. մայիսի 31-ին: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվելէ  դատարան: