Նույնիսկ ամենահաստ սառնարանն Ինդիանա Ջոնսին չէր փրկի միջուկային պայթյունից: Բրիտանական «Physics Special Topics»-ի հաղորդմամբ՝ նման եզրահանգման են եկել Լեյչեսթերի համալսարանի ֆիզիկոս ուսանողները:
Նրանք փորձել են հաշվարկել, իսկապե՞ս Հարիսոն Ֆորդի մարմնավորած հերոսը «Բյուրեղյա գանգի թագավորությունը» ֆիլմում կարող էր փրկվել միջուկային պայթյունից՝ հասցնելով մտնել կապարով պատված սառնարանը:
Ուսանողները հաշվարկը կատարել են 1957 թվականին մշակված ատոմային ռումբի երեք մոդելների վրա, երբ տեղի են ունենում ֆիլմի իրադարձությունները: Հաշվի առնելով պայթյունի հետեւանքով ռումբերից յուրաքանչյուրի գամմա-ճառագայթումը եւ կապարի կլանման գործակիցը՝ ուսանողները հանգել են եզրակացության, որ կապարե պատյանն Ինդիանային կփրկեր, եթե այն 4.6 սմ-ից ավելի հաստ լիներ:
«Նա կարող էր փրկվել, եթե սառնարանն ամբողջությամբ կապարից լիներ: Բայց ընդհանուր առմամբ նա, ամենայն հավանականությամբ, կզոհվեր հարվածի ալիքից: Բայց դա արդեն նոր հետազոտության առարկա կարող է դառնալ»,- նշել են ուսանողները:





























