ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա կիբերհարձակումները հնարավոր են դարձել կուսակցության Ազգային կոմիտեի անդամների անփութության պատճառով։ Twitter–ում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կոպիտ անփութությունը հնարավոր է դարձրել ցանցահենային հարձակումները։ Հանրապետականների ազգային կոմիտեն լրջորեն պաշտպանված է» ,-գրել է Սպիտակ տան ապագա ղեկավարը։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ ազգային հետախուզությունը ներկայացրել է զեկույց ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» մասին։ Զեկույցի հրապարակումից հետո Դոնալդ Թրամփն իր հարցազրույցում ընդունել է, որ տարբեր երկրներ, այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը կիբերհարձակումներ են իրականացնում ԱՄՆ պետկառույցների վրա, բայց վստահություն է հայտնել, որ այդ հարձակումները չեն ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա։
Թրամփը նաեւ խոստացել է հաքերներին դիմակայելու հատուկ թիմ ստեղծել, որը իր երդմնակալությունից հետո 90 օրվա ընթացքում համապատասխան ծրագիր կմշակի։ Նա նշել է, որ երկրի անվտանգության հարցը իր համար «թիվ մեկ առաջնահերթություն է»։
Gross negligence by the Democratic National Committee allowed hacking to take place.The Republican National Committee had strong defense!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 7, 2017





























