Բրազիլիայի Մանաուս քաղաքի բանտում մրցակցող հանցավոր խմբավորումների անդամների միջեւ նոր բախումների հետեւանքով չորս մարդ է զոհվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամազոնաս նահանգի իշխանությունները հայտնել են, որ Մանաուսի կենտրոնում գտնվող «Վիդալ Պեսսոն» բանտում բախումների զոհերից երեքը գլխատվել են, մեկը խեղդամահ արվել:

Բրազիլիայի բնատերում անցյալ շաբաթ ընդհանուր առմամբ զոհվել է մոտ 100 դատապարտյալ:

«Վիդալ Պեսոն» բանտը բացվել է, որպեսզի Մանաուսի «Անիսիո Ժոբիմ» բանտային համալիրի դատապարտյալների մի մասին այնտեղ տեղավորեն, որտեղ մեկ շաբաթ առաջ 17-ժամյա խռովության ընթացքում 56 մարդ է զոհվել:

87 դատապարտյալի հաջողվել է փախուստի դիմել, սակայն նրանցից 40 դատապարտյալի արդեն բռնել են:

Ուրբաթ հարեւան Ռորայմա նահանգում բանտում սկսված անկարգությունների հետեւանքով 33 մարդ է զոհվել: Նրանցից ոմանք նույնպես գլխատվել են: