Հնագետները հյուսիսային Իրաքում հետազոտել են 2400 տարվա վաղեմության դամբարան։ Այնտեղ գտել են վեց կմախք ու մի շարք արտեֆակտեր, այդ թվում իրար նայող երկու օձի գլուխների պատկերով ապարանջան, հայտնում է Live Science–ը։

Կմախքների ճշգրիտ թիվը բարդ է որոշել, քանի որ դրանցից մի քանիսի ոսկորները տեղաշարժված էին։ Հետազոտողների կարծիքով դա վկայում է այն մասին, որ դեռ հին ժամանակներում ինչ-որ մեկը մտել է դամբարան ու գուցե կողոպտել այն։ Նաեւ հնագետները հայտնաբերել են մի զույգ արծաթե ականջօղ ու 48 կավե սափոր, որոնցից հինգը անվնաս։ Դատելով արտեֆակտերից, դամբարանում ոչ թե հարուստներ են թաղված, այլ բավականին համեստ ապրուստով մարդիկ։ Դամբարանը կառուցվել էր Աքեմենյան տերության վերջին տարիներին կամ դրա կործանումից անմիջապես հետո։ Աքեմենյան տերությունը Հին Պարսկաստանի արքայատոհմի կողմից ստեղծված հին պետություն է,     որը հետագայում նվաճել էր Ալեքսանդր Մակեդոնացին։

Դամբարանը 2013-ի ամռանը պատահաբար հայտնաբերել էին ճանապարհը լայնացնող բանվորները։ Գիտնականների խոսքով դրա պահպանումը շատ կարեւոր է հյուսիսային Իրաքի ժառանգության համար, որի տարածքում իսլամական խմբավորումները արդեն ոչնչացրել ու կողոպտել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։