Եվրամիության Frontex սահմանապահ գործակալությունը, որն անցյալ տարի վերակազմավորվել է ԵՄ-ի սահմանապահ եւ առափնյա պահպանության գործակալության, երեքշաբթի փորձագիտական խումբ է ստեղծել, որի մեջ կմտնեն ապօրինի միգրանտներին հայրենիք վերադարձնելու գործի 690 մասնագետներ, որպեսզի անդամ երկրների իշխանություններին օգնեն ապօրինի միգրանտներին արտաքսելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Frontex-ի հաղորդագրության մեջ:
Ռեադմիսիայի մասնագետները կօգնեն նույնականացնել ապօրինի միգրանտներին, նրանց համար ուղեւորության փաստաթղթեր ստանալ՝ ապօրինի միգրանտների ծագման երկրների հյուպատոսությունների հետ համագործակցելով: Դիտորդներին հանձնարարվել է միգրանտներին արտաքսելու ժամանակ հետեւել մարդու իրավունքների պահպանմանը: Ըստ որում՝ նոր խմբի կազմի մեջ մտնող բոլոր մասնագետները պետք է նաեւ որոշեն, թե միգրանտներից ով պաշտպանության կարիք ունի, եւ նրանց գործերը փոխանցեն անդամ երկրների իրազեկ մարմիններին:
Եվրահանձնաժողովը երեքշաբթի հայտնել է, որ արտակարգ իրավիճակի դեպքում այս օպերատիվ խմբերին կարելի է ԵՄ անդամ երկրներ ուղարկել երկրների հարցման հիման վրա կամ գործակալության նախաձեռնությամբ:
Frontex-ի հաղորդագրության մեջ նշված է, որ 2016 թվականին գործակալության համակարգմամբ հայրենիք է վերադարձվել 10,7 հազար միգրանտ, գործակալությունը Հունաստանին օգնել է 908 միգրանտի Թուրքիա հասցնել:





























