ԵՏՄ երկրներում մարտի 17-ից սկսած ծխախոտի տուփերի վրա նոր սարսափազդու պատկերներ կհայտնվեն։ Ծխախոտ արտադրողները, ներմուծողներն ու վաճառողները ընդամենը 3 ամիս ժամանակ ունեն տուփերի վրա այդ պատկերներն ապահովելու համար՝ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխան, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Ծխախոտի տուփերի վրա պատկերված են լինելու մարդկային օրգաններ, որոնք ախտահարված են ծխելու հետեւանքով ու գրված են լինելու այդ հիվանդությունների անունները ՝ պարոդոնտոզից սկսած մինչեւ փտախտ ու քաղցկեղ։ Ընդ որում նախատեսված է գործածել գիտնականների կարծիքով ամենատհաճ գույնը՝ կեղտոտ շագանակագույնը՝ Pantone 448C կոդավորումով։ Պատկերը պետք է զբաղեցնի տուփի յուրաքանչյուր կողմի մակերեսի առնվազն կեսը։
Արգելվելու է նաեւ ծխախոտի տուփերի վրա համեղ կամ օգտակար որեւէ բանի հիշատակումը՝ գրության կամ պատկերի տեսքով։ Չպետք է նշվի նաեւ նիկոտինի, խեժի քանակը, որպեսզի ծխողները չկարծեն, թե որքան քիչ է վնասակար նյութերի քանակը, այդքան անվտանգ է ծխախոտը։
Սարսափազու պատկերներ մշակողները վստահ են, որ այս նորարարության շնորհիվ հնարավոր կլինի կրճատել ծխողների քանակը ու պահպանել մարդկանց առողջությունը։





























