ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի եւ  Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին:

Նախարարը, ողջունելով հյուրին, կարեւորեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկեցին  Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցության ընթացիկ նախագծերից  մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նաեւ նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնի» ստեղծմանը:

Նախարարը հույս  հայտնեց, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաեւ միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում:

Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկեց յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների  հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար: