Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել փախստականների աջակցման եւ ինտեգրման ուղղությամբ: Այդ մասին ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումների ընթացքում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հայկական պատվիրակության անդամները շարունակում են ակտիվորեն մասնակցել ՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով՝ Եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար, չնայած հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն:

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ «Իրավիճակը Սիրիայում եւ դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրավիրված հրատապ կարգով բանավեճի ձեւաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ  բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման եւ մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը:

Սիրիայում եւ դրանից դուրս ծավալվող իրավիճակը ԱԺ փոխխոսնակը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արեւելքի անմիջական հարեւանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է Դաիշի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց՝ տարածաշրջանում եւ դրանից դուրս:

Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմը այդ ծանր իրավիճակում, եւ հույս հայտնելով որ այն կհանգեցնի տեւական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն՝ քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաեւ հայերին՝ Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանի ավանդական համայնքներից մեկին:

«Մեր հայրենակիցներից շատերը կորցրել են իրենց կյանքը ահաբեկչական հարձակումների եւ ռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները եւ մշակութային հաստատությունները ավերվել են»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ բազմաթիվ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը:

«Այսօր էլ հազարավոր հայեր, Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, ստիպված են կրկին լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան է գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվով երրորդ խոշորագույն ընդունող երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել փախստականների աջակցման եւ ինտեգրման ուղղությամբ , առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության եւ քաղաքացիության տրամադրման ընթացակարգերը: Պետությունը աջակցում է նրանց՝ բիզնեսի ստեղծման հնարավորությամբ, երկարաժամկետ բնակության վայրով, անվճար բժշկական օգնությամբ եւ կրթաթոշակով:

«Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեքորեն անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաեւ փախստականների եւ նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,- իր ելույթում հույս է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ առանձնապես ողջունելի համարելով Կիպրոսի նախաձեռնությունը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի իր նախագահության ընթացքում՝ դիտարկելու մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն:

«Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում՝ Սիրիայի շուրջ տեղի ունեցած բարբարոսական ավերածություններից հետո՝ Պալմիրան, Հալեպի Ցիտադելը ցայտուն օրինակներ են: Որպես աշխարհի քաղաքացիներ, մենք պատասխանատու ենք եւ պարտավոր ենք յուրաքանչյուր ջանք գործադրել ՝ կանխելու մշակութային օբյեկտների ոչնչացումը թե՛ պատերազմական եւ, թե՛ հատկապես՝ խաղաղ ժամանակահատվածում» ,- եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը: