Այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը տղայական, ավելի ճիշտ՝ դաշտային հրամանատարի կեցվածքով նստեց բանակցությունների սեղանի շուրջ, ո՞ւր էին նրա շրջապատի մարդիկ, նրան չէի՞ն բացատրում, որ, ի վերջո Ղարաբաղը պետք է որոշի իր ճակատագիրը: Նոյեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեցրեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը:

«Մենք պետք է լուծենք միայն Ղարաբաղին սատարելու, նրան թիկունք կանգնելու հարցը։ Ինչ վերաբերում է բուն հակամարտության լուծմանը, ապա դա կարող է լինել միայն Ղարաբաղի հողին ամուր կառչած մարդկանց հաշվին։ Ղարաբաղն իր թիկունքին պետք է զգա հզոր Հայաստանի ներկայությունը։ Բոլոր ղարաբաղցիները մի օր պետք է վերադառնան Ղարաբաղ, շենացնեն իրենց հողը։ Հակամարտությունը միայն այս ճանապարհով է հնարավոր լուծել»,- կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի եղբայրը փոխանակ այստեղի համալսարանի ռեկտոր դառնալու, պետք է դառնա Ստեփանակերտի համալարանի ռեկտորը, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր որդիների հետ «Ստեփանո Ռիչին» պետք է բացի Ստեփանակերտում։

«Բոլոր՝ ծագումով ղարաբաղցի մեծ պաշտոնյաները պետք է գնան այնտեղ։ Սա գոյության խնդիր է` լինելիության խնդիր։ Ամբողջ պոտենցիալը պետք է ուղղվի դեպի Ղարաբաղ։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ղարաբաղցին Երեւանում գերեզման չպիտի ունենա։ Ղարաբաղցիները պետք է հասկանան իրենց առաքելությունը. հողն այդպես են պահում, հարցի լուծումը միայն այդպես է հնարավոր»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։