ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականանների հաղթանակի արդյունքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոփոխություն չի կրի, քանի որ արտաքին քաղաքականության ղեկը շարունակում է մնալ Սպիտակ Տան ձեռքում, որը ղեկավարում է երկրի նախագահ Բարաք Օբաման: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վրացի փորձագետ Ալեքսանդր Ռոնդելին:
Նրա խոսքով, Վաշինգթոնն առաջվա նման մեծ ուշադրություն է դարձնելու Հարավային Կովկասին ու, մասնավորապես, Վրաստանին: «Ես չեմ կարծում, որ հանրապետականների հաղթանակն ինչ-որ բան կփոխի Վաշինգթոնի եւ Թբիլիսիի հարաբերություններում, որովհետեւ առանց այդ էլ Սպիտակ Տունը մեծ տեղ է հատկացնում Վրաստանին ֆինանսական եւ քաղաքական օգնություն տրամադրելուն»,- ասել է նա:
Անդրադառնալով Վրաստանի եւ Իրանի միջեւ վիզայի ռեժիմը վերացնելուն, Ռոնդելին նշել է, որ դժվար թե դա բացասական արձագանք գտնի ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ ցանկացած երկիր պետք է առաջին հերթին նորմալ հարաբերություններ զարգացնել իր հարեւանների հետ: «Ես կարծում եմ, որ Վրաստանի եւ Իրանի միջեւ վիզային ռեժիմը հանելը կնպաստի տարածաշրջանային ինտեգրացման եւ համագործակցության խորացմանը, իսկ առանց դրա Հարավային Կովկասը կվերածվի Բերմուդյան եռանկյունու»,- ընդգծել է վրացի փորձագետը:




























