Բելառուսի Գերագույն դատարան բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը կներկայացվի փետրվարի 6-ին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Ալեքսանդր Լապշինի փաստաբանը ։
Նրա խոսքով, բողոքը ներկայացվելու է բողոքարկման ժամկետի վերջին օրը՝ փետրվարի 6-ին։ «Բնականաբար, մեզ հայտնի չէ, թե երբ կքննվի բողոքը»,- ասել է նա։ Ըստ Բելառուսի օրենսդրության, Գերագույն դատարանում բողոքը քննվում է եռօրյա ժամկետում։ «Սակայն բողոքը կարող է քննվել նաեւ նույն օրը»,- ասել է փաստաբանը։
Ուշագրավ է, որ բողոքի քննմանը ներկա չեն լինելու ոչ Լապշինը, ոչ էլ նրա փաստաբանը։ «Նիստի արդյունքներով մեզ կհայտնեն որոշումը»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իսրայելը փորձում են հասնել Լապշինի արտահանձնման մասին որոշման չեղարկմանը, ԱՄՆ-ն նույնպես անթույլատրելի է համարում խոսքի ազատության իրականացման համար հետապնդումը։
Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը փակ նիստում մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ Ադրբեջան արտահանձնման մասին Բելառուսի դատախազության որոշման կապակցությամբ։




























