Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի հետաքրքրվել, թե Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ինչու է Արտաշատի կլինիկայի փոխտնօրենին հեռացրել աշխատանքից:

Նախարարը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր գործառույթների մեջ չի մտնում այդ ուղղությամբ որեւէ բան անելը:

«Ես որեւէ բան չպետք է անեմ, միայն պետք է տեղեկանամ` մարզպետը փոխտնօրեին օրինական է ազատել աշխատանքից, թե ոչ: Մարզպետը տվյալ մարզում ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակով իրավասու է տնօրինել առողջապահության ոլորտը, ինքն է նշանակում, ինքն է ազատում: Եթե դա արվել է օրենքի շրջանակներում... Թույլ տվեք մանրամասներին տեղեկանալ, նոր պատասխանել ձեր հարցերին: Հիմա բացարձակապես մանրամասները չգիտեմ»,-ասել է Լոքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը փետրվարի 8-ին աշխատանքից ազատել է Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Սերինե Հայրապետյանը նշել էր, որ մարզպետն իր այդ քայլը հետեւյալ կերպ է մեկնաբանել` «հակաքարոզչությամբ ես զբաղվում»:

«Ես անկուսակցական եմ, քաղաքական ոչ մի հայացք չունեմ ես: Ես իմ աշխատանքով եմ զբաղվում եւ մեկ էլ այսօր հրավեր եմ ստանում մարզպետից: Գնացել եմ, ինքն ինձ ասում է` հակաքարոզչությամբ եք զբաղվում, աշխատանքից ազատված եք, քանի որ պոլիկլինիկայից բողոք- դիմում ենք ստացել, որ դուք հակաքարոզչությամբ եք զբաղվում: Խնդրեցի, որ ինձ տրամադրեն այդ բողոքը, սակայն չտվեց ու ասաց, որ աշխատանքից ազատված եմ»,- պատմել էր Սերինե Հայրապետյանը: