Խորհրդարանական ընտրություններում ավելի մեծ շանսեր կունենան այն քաղաքական ուժերը, որոնք իրենց քարոզարշավը կկառուցեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ, քանի որ սոցիալ-տնտեսական խնդիրները զիջում են քաղաքականին, չնայած որ, դրանք միմյանց հետ գրեթե շաղկապված են: Նոյեմբերի 6-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի համոզմունք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով` ներկայումս վաղ է խոսել խորհրդարանական ընտրությունների վերջնական պատկերի մասին, սակայն հաջորդ ընտրություններում իրական շանսեր ունեն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը:        

«ՀԱԿ-ը բազմաթիվ աջակիցներ ունի Երեւանում, եւ եթե ՀԱԿ-ին հաջողվի մի փոքր էլ մարզերում ձայներ հավաքել, ապա կհայտնվի խորհրդարանում»,- ասաց Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի`«Ժառանգություն» կուսակցության պարագայում, ամեն ինչ պայմանավորված է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանով: «Ինչքան բարձր է Հովհաննիսյանի վարկանիշը` այնքան մեծ շանսեր ունի «Ժառանգությունը»,- ասաց նա:   

«Սոցիոմետրի» տնօրենի խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի բնակչության 60 տոկոսը իշխանության, իսկ 40 տոկոսը ընդդիմության կողմնակից են: «Այս հարաբերակցությունը պահպանվում է արդեն մի քանի տարի»,- նկատեց Ադիբեկյանը: