Երեւան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշման նախագծին։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կիսանդրին տեղադրվելու է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որը կառուցվել էր Երեւանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում եւ բացվել 2015 թվականին: Հիշեցնենք, որ զբոսայգին այսօր նաեւ առանձնահատուկ խորհուրդ ունի հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու հարցում, որտեղ պարբերաբար կազմակերպվում եւ անցկացվում են տարբեր միջոցառումներ:

Նշենք նաեւ, որ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի եւ ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանի կողմից հեղինակած Թաթուլ Կրպեյանի կիսանդրին հավանության է արժանացել Երեւանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից։