Միակ կուսակցությունը, որից վախենում են իշխանությունները դա Հայ Ազգային Կոնգրեսն է: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` ինքը ՀԱԿ-ի հետ է գնալու ընտրությունների, քանի որ միայն նա է կաշկանդում ու վախեցնում ներկայիս իշխանությանը:
«2 ճանապարհ կա` ապաքաղաքական եւ քաղաքական: Ես իմ սիրելի գործը թողել եմ ու լծվել պետության գործերին, իհարկե ստիպված, տեսնելով ներկայիս դրությունը: Որպես իմ գործունեության տեղ ընտրել եմ ՀԱԿ-ը, առաջնորդվելով այն սկզբունքով, թե ումից է վախենում իշխանությունը, ում միտինգներն է ցրում, ում ցույցերին է ոստիկանական զորքեր բերում, ով է կաշկանդում նրան»,-ասաց նա:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշեց, որ ինքը ինչ-որ պայմանավորվածություններ է տեսնում ձեւավորվող դաշինքներում. «Ես ոչ մի քաղաքական ուժի հետ չեմ միանալու, քանի որ բոլոր դաշինքներում գործում են նախկին իշխանությունների մասեր: Ես գարշելիորեն ինչ-որ պայմանավորվածություններ եմ տեսնում այս ամենի մեջ: Բոլոր քաղաքական ուժերը ազնիվ են միայն մեկ բանում, երբ ասում են` ուզում ենք գալ իշխանության»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա գրող Համբարձում Համբարձումյանն էլ ասաց, որ իր՝ «Ելք» դաշինքին անդամակցելը պայմանավորված է մեկ բանով, այնտեղ երիտասարդները ու նոր գաղափարները շատ են ու «Ելք»-ը միակ քաղաքական ուժն է, որտեղ չկան իշխանության նախկին ներկայացուցիչներ:


























