Հայաստանի ֆինանսների նախարարությունը խոշոր ընկերությունների համար կվերականգնի պարտադիր աուդիտի պահանջը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Պարտադիր աուդիտի համար նախորդ տարվա երեք ցուցանիշ կդիտարկվի. շահույթ եւ շրջանառություն՝ ավելի քան 2 մլրդ-ական դրամի (շուրջ 4.15 մլն դոլար - խմբ.), աշխատակիցների թիվ՝ ավելի քան 100: Եթե այս երեք ցուցանիշներից ցանկացած 2-ը բարձր լինի, ընկերությունը պետք է անկախ աուդիտ անցկացնի:

Համապատասխան առաջարկությունը ներառված է օրենսդրական փաթեթում, որն առաջիկայում հանրային քննարկման է դրվելու: Նախագծերը ներառում են «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Աուդիտի մասին» օրենքների նոր խմբագրումները, ինչպես նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» նոր օրինագիծը:

Մինչեւ 2014 թվականն աուդիտը պարտադիր էր 1 միլիարդ դրամից ավելի շրջանառությամբ կամ ակտիվներով ընկերությունների համար: Հիմա այդ շեմը ինդեքսավորվել է գնաճին համապատասխան, ինչպես նաեւ համապատասխանեցվել ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների մասին ԵՄ պահանջներին:

Նախկին օրենսդրությամբ պարտադիր աուդիտի պահանջներին համապատասխանում էր շուրջ 1.000 ընկերությունը, հիմա՝ 250-300:

Փոփոխությունները, հավանաբար, կներկայացվեն արդեն նոր գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանում: Կառաջարկվի դրանք գործողության մեջ դնել 2019 թվականից: