Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին 213 մլն դոլարի փոխհատուցում է վճարել հոգեւորականների կողմից սեռական բռնության զոհերին՝ թագավորական հանձնաժողովի հետաքննության արդյունքներով, որը սկսվել էր 2013 թվականին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:  

Փողը կբաժանվի հազարավոր զոհերի միջեւ: Փոխհատուցումը վճարվել է 1980-ից մինչեւ 2015 թվականը երեխաների նկատմամբ սեռական բռնության 3066 դեպքով:

Հանձնաժողովի իրավաբանի խոսքով՝ բռնության զոհերից շատերը այս կամ այն պատճառով կատարվածի մասին չեն կարող հայտնել: «Հետեւաբար՝ կաթոլիկ եկեղեցու հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը հնարավոր է ավելի մեծ է»,- նշել է նա:

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար կարդինալ Ջորջ Փոլն անցյալ տարի ընդունել է, որ եկեղեցին «սարսափելի սխալներ» է թույլ տվել, սակայն հրաժարվել է հավատալ տուժած երեխաներին եւ մանկապիղծ հոգեւորականներին ծխական մի համայնքից մյուսն է տեղափոխել:

Թագավորական հանձնաժողովի տվյալներով՝ ավստրալացի կաթոլիկ հոգեւորականների մոտ 7 տոկոսը վերջին 60 տարում մասնակցել է անչափահասների պղծմանը: