Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության եւ գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԳՆ-ն երկու քաղաքացիներից ստացել է դիմում հայտ եւ սահմանված ժամկետում եւ հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին, եւ փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն: Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ (30 միավոր՝ 30 առավելագույնից):
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ պատգամավորի թեկնածուներից քննություն են հանձներ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀԱԿ-ի ցուցակից իրաքահայ Վարդան Բեյլերյանը, ով առաջադրվում է Արարատի մարզում:




























