«Անի Պլազա» հյուրանոցում փետրվարի 11-ին մահացած հայտնաբերված Զուրաբ Նեմսաձեին դին դեռեւս Հայաստանում է, ընկերներն այժմ կազմակերպում են նրա հուղարկավորության հարցերը: NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ Նեմսաձեին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Ռուսաստանում:

«Զուրաբ Նեմսաձեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, հարազատներ չունի, այժմ ընկերները զբաղվում են նրա հուղարկավորության հարցերով»,- ասաց նա:

Հասմիկ Պետրոսյանը չցանկացավ խոսել Զուրաբ Նեմսաձեի մահվան հանգամանքների մասին` նշելով, որ նախաքննություն է ընթանում եւ այս պահին չի կարող որեւէ բան հրապարակել:

Նշենք, որ ավելի վաղ «Փինկ Արմենիա» ՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Զուրաբն իրենց պատմել է, որ փետրվարի սկզբին Հայաստան է եկել իր զուգընկերոջ խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:

 «Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել»,- ասվում է ՀԿ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ. փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում այլ երկրի քաղաքացու դիակ է հայտնաբերվել: Ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկատվության` 23-ամյա երիտասարդի դաստակները վնասված են եղել, և երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած: Մահացած երիտասարդի դեմ դեպքից օրեր առաջ բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Նշենք, որ այդ երիտասարդը նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է քննություն: