ԱՄՆ-ն մտադիր է «անել հնարավոր ամեն ինչ»՝ ահաբեկչական կազմակերպությունների դեմ հաղթանակ տանելու համար, բայց այդ նպատակին անհնար է հասնել, քանի դեռ նրանց սատարող պետություններ կան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակաահաբեկչական ճարտարապետության հարցերին նվիրված ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն ահաբեկչությունը հովանավորող երկրների շարքին է դասում նաեւ Իրանին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «դեմ է հանդես գալու ահաբեկչական ուժերին», ինչը ենթադրում է «ահաբեկչությունը սատարող պետություններին, մասնավորապես՝ Իրանին դիմակայություն»:

Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ միջազգային կազմակերպության կառուցվածքում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծելու մտադրությունը: