Հայաստանը բավարար ուշադրություն չի հատկացնում Սումգայիթի ողբերգության մասին տեղեկացնելու, տեղի ունեցածն ուսումնասիրելու համար: Այս մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի սպանդի 29-րդ տարելիցի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ մինչեւ հիմա ոչ մի միջազգային կազմակերպություն ողբերգության մեղավորներին չի դատապարտել, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանել: Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այդ ժամանակ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին: Երբ սումգայիթյան ջարդերի ժամանակ Կրեմլը լռում էր, մտածում էինք, որ տեղյակ չէ: Իրավիճակն ավելի ուշ կրկնվեց, եւ ակնհայտ դարձավ, որ Կրեմլի քաղաքականությունն է այդպիսին, նշեց իրավապաշտպանը:
1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանի ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել ողբերական իրադարձություններ՝ էթնիկ հիմքի վրա զանգվածային ջարդեր: Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռու գտնվող քաղաքում իրավիճակը հսկողությունից դուրս է եկել: Մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսել են կողոպտել հայերի տները: Միայն պաշտոնական տվյալներով՝ խոշտանգումներից եւ ծաղրից հետո Սումգայիթի հայկական ծագմամբ 32 բնակիչ է սպանվել, հարյուրավոր մարդիկ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:




























