Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները իրենց օրգաններն են վաճառում՝ երիկամները, լյարդի մի մասը՝ իրենց ֆինանսական վիճակը գոնե մի քիչ թեթեւացնելու համար։ Իսկ գնորդները արեւմտյան երկրների ու Սաուդյան Արաբիայի ապահով քաղաքացիներն են, որոնք փոխպատվաստման կարիք ունեն։ Այս մասին հայտնել է շվեյցարական Tagesanzeiger թերթը՝ վկայակոչելով այս թեմայով գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը։
Մարդկային օրգանների ապօրինի առքուվաճառքով զբաղվողները վաճառքն իրականացնում են համացանցի միջոցով, նախեւառաջ սոցցանցերի։ Բեմադրված գործարքի ժամանակ միջնորդներից մեկը փախստականի երիկամն առաջարկել էր 30 հազար եվրոյով։ Այդ գումարը ներառում էր նաեւ երիկամի պատվաստումը թուրքական կլինիկաներից մեկում։ Երիկամի գինը Թուրքիայի «սեւ շուկայում»՝6-ից 11 հազար եվրո է, գրումէ հոդվածագիրը։
Շատ փախստականներ իրենց օրգանները վաճառում են, որպեսզի «փորձեն Արեւմուտք հասնել կամ էլ պարզապես տուն վերադառնան»։ Նրանցից մեկը պատմել էր, որ իր դստերը ոսկրածուծի փոխպատվաստում էր անհրաժեշտ։ Սիրիայից նրա ծանոթները փող էին ուղարկել, որպեսզի նա ընտանիքով տեղափոխվի Գերմանիա ու վճարի բուժման համար։ Բայց հիմա, նրա խոսքով, իրենք Թուրքիայում են մնացել ու փող է պետք, որ կարողանան շարունակեն ճանապարհորդությունը։ Եւս մեկ սիրիացի՝ Ահմեդը, ասել է, որ ինքը գումար վաստակելու որեւէ այլ տարբերակ չունի, միակ ընտրությւոնը որոշ օրգաններ վաճառելն է։
Միջնորդներից մեկի խոսքով, շատ վիրահատություններ կատարվել են Մալաթիա քաղաքի կլինիկաներում։ Մինչդեռ փախստականներից մեկն էլ պատմել է, որ իր երկու ծանոթները վիրահատությունից հետո արթնացել են ոչ թե հիվանդանոցի սենյակում, այլ փողոցում։ Քիչ չեն դեպքերը, երբ վիրահատությունները տներում կամ բնակարաններում են արվում։
Pro Asyl իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Կարլ Կոպպը վստահեցնում է, որ մարդկային օրգանների առքուվաճառքը դարձել է «նոր իրողություն այն երկրներում, որտեղ պատերազմ է ընթանում կամ որտեղ ճգնաժամ է»։ «Մենք սովոր էինք, որ փախստականները ողորմություն էին խնդրում, կանայք էլ մարմնավաճառությամբ զվաղվում։ ՀԻմա էլ սովորական երեւույթ է դառնում, որ նրանք վաճառում են իրենց օրգանները, որպեսզի կարողանան գոյատեւել կամ գոնե տուն վերադառնան»։



























