Գերմանիայի գաղտնի ծառայությունները երկար տարիներ լրտեսել են միջազգային լրատվամիջոցների խմբագրություններին, գրում է Spiegel-ը։

Պարբերականի փոխանցմամբ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը 1999-ից սկսած լրտեսել է միջազգային խմբագրությունների առնվազն 50 հեռախոսահամարներ, ֆաքսեր ու էլեկտրոնային փոստի հասցեներ։

Գաղտնալսել են օրինակ Լոնդոնում ու Աֆղանստանում BBC հեռուստաընկերության ներկայացուցչություններին, միջազգային ծրագրերի խմբագրություններին, Աֆղանստանում New York Times–ի ներկայացուցչությանը ու Աֆղանստանում, Պակիստանում, Նիգերիայում Ռոյթեր գործակալության ներկայացուցչություններին։

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը այդ գործողությունները անվանել է «հրեշավոր ոտնձգություն մամուլի ազատության հանդեպ»։ Վախենալով, որ Գերմանիայի գաղտնի ծառայությունները կշարունակեն գաղտնալսումները՝ կազմակերպությունը լրագրողական այլ միությունների հետ միասին պատրաստում է սահմանադրական բողոք։

2013-ի ամռանը Spiegel–ը ուսումնասիրելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացած տվյալները, հայտնել էր, որ ամերիկյան ԱԱԾ-ն մեկ ամսում գաղտնալսել էր Գերմանիայի քաղաքացիների ու հեռահաղորդակցային ցանցերի 500 մլն կոնտակտ։ Իսկ հետո պարզվել էր, որ լրտեսել էին նաեւ կանցլեր ԱՆգելա Մերկելին։

Այդ տարվա հուլիսին Գերմանիայում եւս երկու լրտեսական սկանդալ էր բորբոքվել՝ ամերիկյան հատուկ ծառայությունների հետ կապված։ Այդ կապակցությամբ Գերմանիայի կանցլերի գերատեսչությունը սահմանափակել էր Գերմանիայի արտաքին հետախուզության ու ՊՆ-ի համագործակցությունը ամերիկյան գործընկերների հետ։