Սպիտակ տունը քննադատության ալիքի տակ է հայտնվել, երբ ուրբաթ միանգամից մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների թույլ չի տվել մասնակցել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերի ամենօրյա ճեպազրույցին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Սեւ ցուցակում» են հայտնվել առաջատար պարբերականներն ու հեռուստաալիքները, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ քննադատական նյութեր են հրապարակել՝ The New York Times-ը, Los Angeles Times-ը, CNN-ը եւ Buzzfeed էլեկտրոնային պարբերականը: Ճեպազրույցին մասնակցել են Թրամփի նկատմամբ իրենց համակրանքը չթաքցնող լրատվամիջոցները՝ Breitbart News-ը, One America News Network-ը եւ Washington Times-ը:

Արգելքը չի վերաբերել ԱՄՆ-ի խոշորագույն հեռուստաընկերություններից ABC-ին, CBS-ին, NBC-ին եւ Fox-ին: Որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Associated Press-ը գործընկերներին համերաշխություն հայտնելով՝ հրաժարվել են լուսաբանել Սպիտակ տանը կայացած ճեպազրույցը:

Ուրբաթ կայացած ամենօրյա ճեպազրույցը տեղի է ունեցել Սփայսերի աշխատասենյակում, որի ընթացքում արգելվել է ցակացած նկարահանում:

Լրագրողների ասոցիացիայի նախագահ Ջեֆ Մեյսոնը խոստացել է նախագահի աշխատակազմից պարզաբանում պահանջել: New York Times-ի գործադիր տնօրեն Դին Բագեթն ասել է, թե երբեք չի բախվել այսպիսի ցուցադրական ակցիայի՝ նշելով, որ երկար տարիներ Սպիտակ տանը երբեք նման բան տեղի չի ունեցել: Մամուլի հաղորդագրություն է տարածել նաեւ Associated Press-ը, որում նշված է, որ արգելքը խախտում է քաղաքացիների հիմնարար իրավունքները: