Գերմանացի մասնագետ Ֆրանկ Գնեգելը կարծում է, թե ԱՄՆ-ում փետրվարի 19-ին աճուրդով վաճառված հեռախոսը, որը, ըստ աճուրդի տան, պատկանել է Ադոլֆ Հիտլերին, իրականում կեղծիք է, հաղորդում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը:

«Խոսքը միանշանակ կեղծիքի մասին է»,- ասել է Գնեգելը եւ հավելել. «Սարքը արտադրվել է Siemens & Halske-ի կողմից, բայց խոսափողը անգլիական արտադրության է: Այն ժամանակ նման հեռախոսներ չէին արտադրում»:

Գնեգելը Հեռահաղորդակցության Ֆրանկֆուրտի թանգարանի աշխատող է եւ պատասխանատու է հեռախոսների ամենազգալի հավաքածուի համար եւ, ըստ թերթի, «եթե Գերմանիայում ինչ-որ մեկը հասկանում է հեռախոսներից, Գնեգելն է»:

Նշենք, որ հեռախոսը վաճառվել է Մերիլենդ նահանգի Չեսափիք քաղաքում, 243 հազար դոլարով: Գնորդի անունը չի հաղորդվում: