Չիլիում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքներն աղտոտել են այն գետի ջուրը, որը հոսում է դեպի մայրաքաղաք Սանտյագոյի մերձակայքում գտնվող ջրի պահուստարան: Արդյունքում իշխանությունները կարգադրել են փակել 4 մլն մարդկանց խմելու ջուր մատակարարող պահուստարանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ջրամատակարարումը կվերականգնվի, երբ Մայպո գետի աղտոտվածության մակարդակը նվազի:

Քաղաքի բնակչությունը ստիպված կլինի շշալցված ջուր ձեռք բերել: Իշխանությունների հրահանգով ռեստորաններն ու ձեռնարկությունները փակվել են: Դպրոցները նույնպես հետաձգել են դասերը:

Փրկարարական ծառայության հաղորդմամբ՝ առատ տեղումների պատճառով մի շարք լեռնային շրջաններում դադարեցվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը, որոշ բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից:

Ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել:

Մինչ այդ Չիլիի կենտրոնական շրջանները տուժել էին երաշտից եւ անտառային հրդեհներից: