Անունը, որը ծնողները տալիս են մարդուն, ինչ -որ ձեւով կապակցված է նրա արտաքինի հետ, հետեւաբար անուններին վերաբերող մշակութային կարծրատիպերն այնքան էլ անհիմն չեն, որքան թվում են։ Նման եզրակացության են հանգել Երուսաղեմի հրեական համալսարանի գիտնականները իրենց անցկացրած հետազոտության արդյունքներով։  

Ինչո՞ւ ենք մենք սովոր, որ Բոբ անունով մարդը պետք է լինի կլոր դեմքով, իսկ Թիմ անունով տղամարդը՝ նիհարավուն։ Ի՞նչ է դա նշանակում։ Նման հարցադրումներ են արել գիտնականները Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հոդվածում։                                                                

Մտածելով նմանատիպ մշակութային կարծրատիպերի ֆենոմենի մասին՝ գիտնականները մի հասարակ փորձ են կատարել։ Դրա մասնակիցներին ցույց են տվել մարդու լուսանկարը, որը ստորագրված է եղել չորս տարբեր անուններով։ Պետք էր գուշակել, թե իրականում ինչ է այդ մարդու անունը։ Արդյունքը գերազանցել է բոլոր ակնկալիքները՝ փորձի մասնակիցների պատասխանների 40 տոկոսը ճիշտ է եղել։ Ընդ որում, երբ նրանց ցույց են տվել ուրիշ ազգության մարդկանց լուսանկարներ ու անուններ՝ ճիշտ պատասխանների տոկոսը կտրուկ նվազել է։

Դրանից հոգեբանները եզրակացրել են, որ մարդու անվան ու նրա արտաքինի կապին վերաբերող  մշակութային կարծրատիպերը որոշակի հիմք ունեն։

Գիտնականները նույն փորձը կատարել են նույնիսկ արհեստական բանականության օգնությամբ, նախապես նրան ինտեգրելով նմանատիպ կարծրատիպեր։ Ռոբոտը կարողացել է ճիշտ պատասխանել դեպքերի 64 տոկոսում։

Իսկ հիմա հետազոտողները պետք է փորձեն բացատրել, թե ինչու են մարդկանց դեմքերը այնուամենայնիվ համապատասխանում իրենց անվան մասին ուրիշների պատկերացումներին։ Նրանք առաջ են քաշել վարկած, ըստ որի մարդիկ կյանքի ընթացքում ենթագիտակցաբար ձգտում են հապատասխանել այդ պատկերացումներին։ Նրանք փոխում են այն ամենը, ինչ հնարավոր է փոխել։ Օրինակ սանրվածքը։ Սակայն դա չի բացատրում, թե ինչու է այս կամ այն անունով մարդը մեր պատկերացմամբ գեր, իսկ մեկ այլ անունով մարդը՝ նիհար։ Այսինքն գիտնականները այս հարցում դեռ մտածելու շատ թեմա ունեն։